Описание
Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ներսես Շնորհալին ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Շնորհալին հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Հեղինակը հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները: