Описание
Պարապ վախտի խաղալիքը առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին (Էս գրքի ճամփի խրատը, Հացակեր փոշը, Լոռըցիք, Երկաթակեր մուկը, Ծառերն ու կացինը և այլն): Բացի առակներից այնտեղ տեղ են գտել նաև առասպելներ ու զրույցներ, որոնք գեղարվեստական լեգենդի առաջին նմուշներն են հայ գրականության մեջ (Խանը, Բաղդատի ճամփորդ եշը, Արտուտը իր ձագերովը ու երկրագործը):Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: Պարապ վախտի խաղալիք գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: Պարապ վախտի խաղալիքը առակների ժողովածուն պայմանավորված է ժողովրդական խոսքն ու զրույցը, բառն ու բանը, կենցաղը, սովորությունները, բարքերը հայ հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնելու կարևորությամբ: