Описание
Նոյի ագռավը ռեալիստական պատմվածքում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Վիպակի հերոսը գյուղի սոցիալական ու կրթական բարեփոխումների նպատակային գործունեության կարևոր միջոց է համարում համբերությունը: Վերջապես նույն վիպակում, ակնարկելով հասարակական մտայնություններում տիրող գաղափարական ներհակությունները, Մուրացանը պատճառը վերագրում է գիտակցության և հոգեբանության սահմանը գծող նախապաշարմունքին:Խավարը կարելի էր փարատել միայն կրթության և լուսավորության միջոցով, դժվար հաղթահարելի մի սահման, որտեղ ստուգվում է առաքյալի բարոյական նվիրումը: Ամենից առաջ անհրաժեշտ է համբերություն և բարոյական ուժ, անձնականը ընդհանուրին զոհելու զգացում, անպայման անձնուրացություն և անձնազոհություն… որովհետև մարդու գոյության բուն նպատակը, հետևաբար նաև նրա իսկական երջանկության գրավականը, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական Եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ: